Սոցցանցերի անդամներից մեկի մահը ամրապնդում է նրա «ընկերների» փոխգործակցությունը, պարզել են գիտնականները: Այսպիսով, ցանցը վերականգնում է մասնակիցների միջեւ կապերը՝ ճիշտ այնպես, ինչպես ձգում են վերքի եզրերը, Nature Human Behavior-ի փոխանցմամբ՝ կարծում են հետազոտությունը կատարած գիտնականները:

Հետազոտությունն անցկացվել է Facebook սոցցանցի եւ «ընկերների» 15 հազար խմբերի օրինակով, որոնցում վախճանվել է կենտրոնական մասնակիցը: Գիտնականները վերլուծել են ավելի քան 770 հազար մարդկանց օգտահաշիվները եւ ստացած արդյունքները համեմատել 30 հազար խմբերի (ավելի քան 2 մլն մարդ) տվյալների հետ, որոնցում ոչ ոք չի մահացել:

Պարզվել է, որ ընդհանուր ընկերոջը կորցրած մարդկանց միջեւ փոխգործակցությունը նրա մահից անմիջապես հետո կտրուկ աճել է, իսկ հետագա ամիսներին աստիճանաբար անկում է ունեցել՝ մոտենալով այն մակարդակին, որը եղել է նրա մահվանից 2 տարի առաջ: Այսինքն՝ հանգուցյալի հետ կորցրած հարաբերությունները մարդիկ փոխհատուցել են միմյանց հետ շփվելով:

Սա ավելի արտահայտված է եղել 18-24 տարեկան երիտասարդների շրջանում: Նման խմբերում փոխգործակցությունը ոչ միայն կայունացել է, այլ ավելի բարձր մակարդակի է հասել, քան մահվանից առաջ: Տարիքային մնացած խմբերը 2 տարի անց վերադարձել են փոխգործակցության նախկին մակարդակին: Գիտնականները կոչ են անում ավելի խոր հետազոտություններ կատարել, որոնց ընթացքում ուշադրություն կդարձվի մասնակիցների վարքի յուրահատկություններին՝ կախված տարիքից: