Բրիտանական խորհուրդը աշխարհի 30 երկրներում, այդ թվում Հայաստանում (Վայոց ձորի մարզում) մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը: Այս ծրագրի հիմքում ընկած են «Ուբունտու» աֆրիկյան փիլսոփայության «Ես կամ, որովհետեւ դու կաս,  որովհետեւ մենք կանք» սկզբունքը, որի իրականացմամբ հնարավոր է հասնել իրական ժողովրդավարության հաստատմանը:

Ըստ այդմ, Եղեգնաձոր, Վայք քաղաքների եւ հարակից գյուղերի երիտասարդներն իրենք կմշակեն ու կիրականացնեն ծրագրեր իրենց քաղաքի եւ համայքների համար: Գաղափարներն առաջարկելու են երիտասարդները, ընտրվելու են այն ծրագրերը, որոնց իրականացումը կկարեւորեն հենց իրենք երիտասարդները: Մինչ ծրագրերի իրականացումը մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնց ընթացքում նրանք ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքնեն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Ծրագիրը եռամյա է եւ ակնկալվում է, որ հետագայում այն կիրականցվի Հայաստանի այլ մարզերում եւս: ACTIVE CITIZENS-ն  իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել էր ավելի քան 60 երիտասարդ, որոնցից ընտրվելու են 30-ը: Հենց նրանք էլ կմասնակցեն դասընթացներին եւ կփորձեն ծրագրերի միջոցով իրենց իսկ համայնքներում ներդնել այն դրականն ու հետաքրքրականը, ինչի կարիքն զգում են:

Ծրագրի ընթացքում Եղեգնաձոր քաղաքը կապ կհաստատի Միացյալ Թագավորության մեկ եւ Եվրոպական մի քանի երկրների համայնքների հետ: Փոխայցելությունների արդյունքում նրանք կփորձեն մշակել համատեղ գործունեության ծրագրեր եւ կիրառել երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը:

Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական եւ միջազգային մակարդակով: