Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համախոհ Մարչելլո Դել Ուտրին երկար տարիներ ապահովել է նրա կապը իտալական մաֆիայի հետ։ Սա ապացուցված է համարել Պալերմո քաղաքի վերաքննիչ դատարանը, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Համաձայն դատարանի՝ 1970-1980 թվակններին, երբ Բեռլուսկոնին  զբաղված էր իր շինարարական եւ մեդիա կոնգլոմերատի ստեղծմամբ, Ուտրին ապահովում էր ապագա վարչապետի եւ հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների, մասնավորապես՝ սիցիլիական խմբավորման ղեկավար Սալվադոր Ռիինայի հետ կապը։

Բեռլուսկոնիի անձի հետ կապված նոր հանգամանքները կարող են ազդել խորհրդարանում իտալական կառավարությանը անվստահության  քվե հայտնելու հարցի վրա։ Նշենք, որ «Շարժում ինքնավարության համար» եւ «Ապագա եւ ազատություն Իտալիայի համար» կուսակցությունները 2010 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարություն էին տարածել կառավարությունից դուրս գալու մտադրության եւ Բեռլուսկոնիին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու մասին։