Այսօր, մայիսի 6-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն եւ շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը: 

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի եւ  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ:

Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 17.00-ին Երեւանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա #Եվրոպանհանունխաղաղության խորագիրը կրող համերգը: 

Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի եւ խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից եւ Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաեւ կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ եւ խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաեւ Երեւանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ:

Նշենք, որ ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության եւ միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի  տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր  ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն  առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձեւաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ: 

Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի եւ պողպատի արտադրությունը միավորող եւ կառավարող եվրոպական մի կառույց:  Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը  ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ  Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է  Եվրոպական միությունը: