ԵՄ-ն 1․6 մլն եվրո կհատկացնի Հայաստանի սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու համար։ Այս մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Այդ գումարներով աջակցելու են գյուղացիական կոոպերատիվներին, նաեւ փոքր ու միջին բիզնեսին։
«Մի խոսքով, այն ամենին, ինչ կօգնի ավելացնել զբաղվածությունը։ Գյուղերի համար դա հատկապես կարեւոր է»,- ասել է Լոքյանը։
Տավուշի մարզի համար եւս մեկ ծրագիր ուղղված է լինելու Դիլիջանում ու հարակից գյուղերում հյուրանոցների զարգացմանը։ Այդ ծրագրին կհատկացվի մոտ 1․2 մլն եվրո։
Տավուշի մարզում զբաղվածության աջակցության եւս մեկ ծրագիր է իրականացվում Ռուսաստանի կառավարության միջոցներով։ Ծրագրում ներառված են 45 սահմանակից գյուղեր։ 17-ում ծրագիրն արդեն մեկնարկել է։ Ծրագրի նպատակն է օգնել ջերմոցների, մրգերի ու հատապտուղների համար սառը շինությունների, վերամշակման կետերի, նաեւ նոր այգիների ու գյուղական ենթակառուցվածքի ստեղծմանը։




























