Դրամական փոխանցումները 2014 եւ 2015 թվականներն միասին վերցրած նվազել են շուրջ 45 տոկոսով, ՀՀ կառավարության կանխատեսմամբ 2016-ին այն կնվազի եւս 11 տոկոսով: Այս մասին  emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, եթե խոսենք թվերով, դա ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլարի կորուստ է` ընդամենը 2 մլրդ-ից նվազելու դեպքում:

«Իհարկե, մենք պետք է ինչ-որ ձեւով փոխհատուցենք դա: Կան երկու հիմնական միկրոտնտեսական գործիքներ, որոնք կարելի է կիրառել արտաքին շոկերը հաղթահարելու եւ շուկան կայունացնելու համար. հարկաբյուջետային կամ դրամավարկային քաղաքականության, կամ երկուսի ճիշտ հավասարակշռության միջոցով:

Երկու հանճարեղ տնտեսագետներ կային` Կալվոն եւ Ռեինհարթը, ովքեր հոդվածներ եւ հետազոտական աշխատանքներ են գրել փոխարժեքի տատանման վախի մասին, եւ թե ինչու են դոլարիզացված տնտեսությունները վախենում թույլ տալ, որ փոխարժեքը զարգացող աշխարհում ազատորեն տատանվի: Տնտեսագետները պնդում են, որ որոշ դեպքերում կառավարվող փոխարժեքի ռեժիմը արդարացված է, եւ արտարժույթի շուկայում բացասական սպասումների խարսխումը, ինչը տեղեկատվության անհամաչափության արդյունք է, այն է, ինչ պետք է անել: Մենք դա արել ենք եւ հիմա տեսնում ենք, որ դա մեզ հաջողվել է»,-նշել է նախարարը:

Արամյանն ընդգծել է, որ իրենք խստացրել են մեր դրամավարկային քաղաքականությունը եւ փորձել խարսխել բացասական սպասումները չարդարացված արժեզրկման դիմաց. «Մյուս կողմից, դրամավարկային քաղաքականության կոշտացման ազդեցությունը փոխհատուցելու համար մեղմացրել ենք հարկաբյուջետային քաղաքականության պայմանները եւ հաջորդ երկու տարիների համար թույլ տվել ավելի բարձր դեֆիցիտ:

2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային կառույցները կտրուկ ավելացրին պահուստային պահանջը 12-ից մինչեւ 24 տոկոս, իսկ ռեպո տոկոսադրույքը` 8.5-ից 10.5 տոկոս մինչեւ 2015-ի փետրվար ամիսը: Սա նվազեցրեց ֆինանսական շուկայի խաղացողների ախորժակը տեղական արժույթով փոխառություն վերցնելու եւ դոլար գնելու տեսանկյունից, քանի որ տեղական արժույթը չափազանց թանկ դարձավ նման խաղ վարելու համար:

Մենք իհարկե հասկանում էինք, որ յուրաքանչյուր գործողություն ենթադրում էր իր ծախսերը, բայց մի բան ձեռք բերելու համար միշտ պետք է մեկ այլ բան զոհաբերել: Մենք զոհաբերեցինք ցածր տոկոսադրույքները տեղական արժույթով փոխառությունների եւ, որպես արդյունք, տնտեսությանը տրամադրված վարկերի աճի դիմաց, բայց մենք ձեռք բերեցինք կայունություն շուկայում եւ խուսափեցինք արժույթի տատանումներից: Մենք չտուժեցինք մեր ֆորեքս շուկայի անկարգությունից, ինչպես Ադրբեջանը, Ղազախստանը կամ Բելառուսը, Ռուսաստանը: Փոխարենը, ինչպես ասացի, մենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունը պահեցինք բավականին ճկուն վիճակում»: