Հայաստանը ստիպված էր արտաքին պարտք ներգրավել, որ փոխհատուցի արտարժույթի պակասը շուկայում եւ ֆինանսավորի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը: Այս մասին  emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, մակրոտնտեսական կայունությունը կարեւոր է օտարերկրյա ներդրողների համար, դա օտարերկրյա ներդրումներ գրավելու առաջին նախապայմանն է, քանի որ բոլորին, այդ թվում` տեղական ներդրողներին, կայունություն է անհրաժեշտ: «Նրանց անհրաժեշտ է որոշակի կանխատեսելիություն եւ հստակ պատկերացում, թե կառավարությունն ինչ է անում եւ ինչու, եւ եթե մենք այս ամենը չապահովենք, մենք չենք կարող համոզել նրանց գալ մեր շուկա:

Հիմա, երկու հաջորդական տարի, ես ստիպված էի արտաքին պարտք ներգրավել, որպեսզի փոխհատուցեմ արտարժույթի պակասն իմ շուկայում եւ ֆինանսավորեմ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը: Հիմա մենք պլանավորել ենք ամուր հարկաբյուջետային կոնսոլիդացիա 2017 թվականի համար, ուստի եւ պարտքի կայունության եւ մակրոկայունության ապահովում միջնաժամկետում: Սա հենց այն է, ինչ մենք անում ենք 2017 թվականի համար»:

Նախարարն ընդգծել է եւ մի կարեւր հանգամանք. «Մենք ունենք հստակ ֆիսկալ կանոն մեր օրենսդրության մեջ, ըստ որի` եթե դու գերազանցում ես պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսով, այսինքն` քո պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ, ապա հաջորդ տարվա համար դու պետք է թիրախավորես ՀՆԱ-ն ոչ ավել, քան 3 տոկոս գերազանցող դեֆիցիտ»: