Հայաստանը չի ծրագրում իր տարածքում նոր բազաներ բացել։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «»Ինտերֆաքս-ի հետ հարցազրույցում։
«Տվյալ պահին Հայաստանում այլ երկրների բազաներ բացվելու մասին քննարկումներ հաստատ չկան։ Մենք նման հարցում չունենք նաեւ ռուսական կողմից։ Սկզբունքորեն, 102-րդ բազան կարեւոր նշանակություն ունի։ Մենք պարբերաբար շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա մոդեռնիզացման շուրջ՝ ընդլայնելով դրա հնարավորությունները։ Մասնավորապես, ես արդեն հիշատակել եմ ՀՀՊ ոլորտը։ Թեմաներ կան, որոնք մենք պետք է շատ ակտիվորեն միասին մշակենք», - նշել է նախարարը։
Խոսելով ռազմա-արդյունաբերական համալիրի ոլորտի նախագծերի եւ Գյումրիում, Վանաձորում համատեղ համալիրներ ստեղծելու ծրագրերի մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ շատ մանրամասներ, իհարկե, չի կարող հայտնել՝ հաշվի առնելով գործունեության յուրահատկությունը։
«Գյումրին միշտ մեր դաշնակցային փոխգործակցության կարեւոր հարթակ է հանդիսացել։ Այնտեղ է գտնվում 102-րդ բազան, այնտեղ են ապրում զինծառայողների շատ ընտանիքներ եւ ավանդաբար Գյումրիում միշտ զարգացած են եղել արդյունաբերական հզորությունները։ Իհարկե, 1988 թվականի երկրաշարժից հետո այդ քաղաքի ճակատագիրը հեշտ ընթացք չունեցավ, երբ տուժեց նրա ենթակառույցների զգալի մասը։ Բայց այսօր քաղաքն ակտիվորեն վերականգնում է իր նախկին դիրքերը, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում։ Կան նաեւ ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք այնտեղ արդեն աշխատում են։ Մենք քննարկում ենք այդ ուղղությամբ հետագա ընդլայնման եւ Գյումրին մեր երկրների միջեւ ռազմա-արդյունաբերական հարթակի վերածելու ծրագրերը։ Կարծում եմ, դա հաջողվել է իրականցնել։
Տեղի ունեցած համաժողովը եւս իր ներդրումը կունենա, քանի որ քաղաքական մակարդակով պայմանավորվել միշտ լավ է, բայց շատ կարեւոր է, որ դա ամրապնդվի արտադրողների, մշակողների գործող հետաքրքրությամբ։ Եւ ես կարծում եմ, որ կարեւոր է, որ նրանք անմիջական շփման հնարավորություն ունեն, հասկանալու, թե կոնկրետ ինչ կարելի է սկսել արտադրել Գյումրիում»,-հայտարարել է Վիգեն Սարգսյանը։




























