Գերակայությունների գործընկերության նախագիծը նախապես համաձայնեցվել է Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ։ Այս մասին մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Հայաստանը ճանապարհ բացողի կարեւոր դեր է խաղում, քանի որ այն Արեւելյան գործընկերության առաջին երկիրն է, որը քննարկել է փաստաթղթի այդ նոր տեսակը, հավելել է նա։ «Ես հույս ունեմ, որ շատ շուտով այն կստորագրվի, բայց ես ցանկանում եմ հաստատել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական եւ պրոդուկտիվ»,-ընդգծել է Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ երրորդ կարեւոր փաստաթուղթը, որը ծրագրվում է ստորագրել Հայաստանի հետ, այսպես կոչված, Աջակցության միասնական մեխանիզմն է։ Այդ փաստաթուղթը ներկայացվել է ԵՄ խորհրդարանում։
Բացի այդ, ԵՄ-ն աշխատում է 2017-2018 թվականների գործողությունների ծրագրի նախապատրաստության շուրջ։ «Մենք ծրագրում ենք մեր համագործակցության մեջ մի քանի նոր ուղղություններ ներառել»,-նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը մտադիր է կենտրոնանալ կրթության վրա։



























