ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին նոր փաստաթղթում նոր շեշտադրումներ կլինեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում ․լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված չէ պորտֆելների քանակով։
Նա նշեց, որ ցանկանում է մնալ բնապահպանության նախարարի պաշտոնում՝ շարունակելու համար ոլորտում բարեփոխումները։
«Այս պահին թե՛ կուսակցության, թե՛ Հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել ներկայիս կազմը, հատկապես, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Դեռ որևէ այլ բան չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նոր կառավարությունում դաշնակցական նախարարների պաշտոնավարմանը։
Նա նկատեց, որ օրենսդրության համաձայն մայիսի 18-ից հետո 10-օրյա ժամկետում վարչապետ է նշանակվում, որիդ հետո 20-օրյա ժամկետում՝ կառավարություն է կազմավորվում, այդ ժամանակ էլ ամեն բան պարզ կլինի։




























