Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերությունները քաղաքական առումով չեն տուժի: Նման կարծիք հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Մեդիակենտրոնում քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը:
Մարուքյանը նշեց, որ գրասենյակը փակվել է ո՛չ Հայաստանի նախաձեռնությամբ, ընդհակառակը, ամեն ինչ արվել է, որպեսզի այն չփակվի: Ներկայում քննարկվում են ծրագրերն այլ ճանապարհներով իրականացնելու հնարավորությունները, օրինակ՝ ԵԽ-ի միջոցով, եւ այնտեղ Ադրբեջանն ազդելու հնարավորություն չունի:
Նշելով, որ մի քանի օր առաջ այդ թեմայով խոսել է ԱԳ նախարարի հետ, պատգամավորն ասաց, որ իրեն նույնպես հետաքրքրել է, թե ռուսական կողմն ինչ է ձեռնարկել: «Բայց պարզ է, որ Ադրբեջանը համառել է եւ գնացել է մինչեւ վերջ»,- նշեց պատգամավորը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունությունն այս տարեսկզբից «օդում կախված էր»՝ կապված մանդատի երկարաձգման հարցում կոնսենսուսի բացակայության հետ: Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել ականազերծման ծրագրի թրեյնինգների առնչությամբ: Սկզբում գերմանական, իսկ հետո՝ ավստրիական նախագահությունը փորձեցին համոզել Ադրբեջանին դժգոհության անհիմն լինելու մեջ, բայց ապարդյուն:
Օրերս Վիեննայում կայացած բանակցությունները դրական արդյունք չտվեցին:




























