Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանն առնչվող Ադրբեջանի քայլերի հետեւանքները կախված կլինեն այն հանգամանքից, թե ինչ կձեռնարկի Հայաստանը: «Մեդիակենտրոն»-ում այս թեմայով կայացած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօրվանից պետք է պատրաստվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանին՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ անցկացնելու համար:
«Դա, անկասկած, կազդի Ադրբեջանի վարկանիշի վրա, ինչը նույնպես հետագայում կարելի է օգտագործել»,- կարծում է Իգիթյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունությունն այս տարեսկզբից «օդում կախված էր»՝ կապված մանդատի երկարաձգման հարցում կոնսենսուսի բացակայության հետ: Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել ականազերծման ծրագրի թրեյնինգների առնչությամբ: Սկզբում գերմանական, իսկ հետո՝ ավստրիական նախագահությունը փորձեցին համոզել Ադրբեջանին դժգոհության անհիմն լինելու մեջ, բայց ապարդյուն:
Օրերս Վիեննայում կայացած բանակցությունները դրական արդյունք չտվեցին:




























