Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Այս մասին ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ հիմա գլխավոր շեշտը հիմա դնում են տնտեսության վրա եւ ձգտում ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար։
Անդրադառնալով 3,2 մլրդ դոլարի ներդրումների մասին իր խոստումներին, նա ընդգծել է. «Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։
Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ»:
Որպես ներդրման օրինակ վարչապետը նշել է Lydian ընկերության ներդրումները հանքարդյունաբերության մեջ. «Շատ նախագծեր ունենք, որոնք վերաբերում են Հայաստանի մարզերում աղբի վերամշակման ենթկառուցվածքների ստեղծմանը։ Կան ծրագրեր` կապված ջերմոցային տնտեսությունների, ճանապարհաշինության, պղինձի ձուլման գործարանի կառուցման հետ»:
Հարցին, թե ճի՞շտ էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Այո, եւ բազմիցս ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։ Մենք մտել ենք հինգ երկրների ակումբ, որի բնակչությունը շուրջ 180 միլիոն է կազմում։ Մեր ապրանքների վաճառքի հավանականությունը այդ շուկայում առավել բարձր է մի շարք պատճառներով։ Ակումբում կան որոշակի առավելություններ ապռանքաշրջանառության համար։ Եթե մենք հաջողության հասնենք այդ շուկայում, ինչը, ի դեպ, մեծամասամբ հենց մեզանից է կախված, կարող ենք լավ պայմաններ ստեղծել մեր տնտեսության զարգացման համար։ Մտնելով այդ ակումբ, մենք չենք մերժում մեր տնտեսության համար այլ հնարավորությունները, այդ թվում կապված Եվրոպայի հետ։
Մենք հավանական ներդրողներին ասում ենք, որ, Հայաստան գալով, նրանք նաեւ հնարավորություն են ստանում դուրս գալ Եվրասիական միության, ինչպես նաեւ Իրանի շուկա, որի հետ մենք այժմ ստեղծում ենք ազատ տնտեսական գոտի սահմանին»:
Իսկ կարո՞ղ է Կարեն Կարապետյանը Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով, որ անցյալում երկար ժամանակ աշխատել է «Գազպրոմում»: Այս հարցին նա պատասխանել է. «Աշխատելով «Գազպրոմում», ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել եւ ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ այն կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում»։




























