ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ եւ երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել եւ նորընտիր նախագահն իր արդյունավետ ներդրումը կբերի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործին:

Նշելով, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ձեւավորվել են սերտ գործընկերային կապեր եւ փոխշահավետ համագործակցություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու երկկողմ բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ` ի շահ երկու ժողովուրդների: