Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կալանավորվել է միայն Արմեն Պողոսյանի ենթադրության հիման վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։
«Սամվել Բաբայանին մեղադրանքը առաջադրվել է Արմեն Պողոսյանի ցուցմունքի, ավելի ճիշտ՝ ենթադրության հիմա վրա»,–ասել է պաշտպանը։
Նա նշեկ է, որ այս ընթացքում առերեսում չի եղել Արմեն Պողոսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, քանի որ Արմեն Պողոսյանը չի պնդել, ենթադրել է, որ Բաբայանը առնչություն ունի «Իգլա»–ի գործի հետ։
«Եթե մարդը հաստատ չի պնդում, ենթադրություն է անում, ինչ առերեսման մասին է խոսքը, նա այդպես էլ գրել է՝ «ենթադրում եմ»,–նշել է Ավետիս Քալաշյանը։
Վերջինս ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ Սամվել Բաբայանը չեն համարում, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։
«Ես այդ դիրքորոշմանը չեմ, որ քաղաքական հետապնդում է, Սամվել Բաբայանը նույնպես, քրեական գործ է, հույս ունենք, որ օբյեկտիվորեն գործը առաջ կընթանա, քննչական մարմինը կհամոզվի եւ կավարտվի»,–ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Սամվել Բաբայանը կալանավորված է:




























