ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ նոր կոալիցիոն համաձայնագրի համար հիմք են հանդիսացել նոր սահմանադրությունը, նախորդ կոալիցիոն համաձայնագիրը, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները։ Այդ մասին այսօր՝ մայիսի 11-ին կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կոալիցիոյի հիմնական գործունեության ուղղություններն են լինելու մարդը, հասարակությունը եւ պետությունը։ Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ մեր գործընկերների հետ»,- ասել է Աշոտյանը՝ նշելով, որ համաձայնագիրը գործելու է գալիս հինգ տարիների համար։
«Համագործակցության հիմնական ոլորտային ուղղություններից են լինելու հակակոռուպցիոն պայքարը, «ազգ-բանակ» հայեցակարգի ներդրումը, մրցունակ տնտեսության զարգացումը, մարդու իրավունքները»,- նշել է Աշոտյանը։
ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշել է, թե համաձայնագիրը ընդգրկելու է 6-րդ գումարման ամբողջ ընթացքը՝ մինչեւ 2022 թվականը։ «Մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ երկու կուսակցությունները ձգտելու են առավելագույն փոփոխություններ կատարել մեր երկրում։ Համառ աշխատանքի արդյունք կկարողանանք նոր որակ ստեղծել»,- ասել է նա։




























