Հայաստանում գրանցվել է նահանջ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ նորընտիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, ելույթ ունենալով ՀՀԿ- ՀՅԴ միջեւ քաղաքական կոալիցիա ձեւավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցում։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հաջողվել իրականացնել քաղաքական համագործակցության մասին նախորդ համաձայնագրում պարունակվող առաջնայնությունները՝ հաշվի առնելով SAS սուպերմարկետների ցանցի աշխատակիցների հետ կապված պատմությունը, քաղաքական գործիչը նկատել է, որ Հայաստանում տեղի է ունեցել նահանջ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Արդեն կա վարչապետի հանձնարարությունը՝ մշակել Աշխատանքային օրենսգիրք՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ զգալի արմատական փոփոխություններով։ Չեմ ուզում մանրամասնել, բայց մենք այստեղ խնդիր ունենք»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հայտնվել էր SAS սուպերմարկետների ցանցի աշխատակիցների ժողովից աուդիոձայնագրություն, որի շնորհիվ ակնհայտ է դարձել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցանցի ղեկավարները ստիպել են աշխատակիցներին ձայներ հավաքել ցանցի ղեկավար Արտակ Սարգսյանի համար։