Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ծանոթացել է տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին եւ այլն:
Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները, որոնք ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը: Ըստ ծրագրերի, նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը: Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից: Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3 հազար նոր աշխատատեղ: Ռազմավարությունը նախատեսում է նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում եւ այլ ծրագրեր:
Զեկուցվել է, որ առաջիկայում ներկայացվելու են բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական գործառանական ծրագրերը՝ ըստ կոնկրետ թիրախների: Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն: Գործառնական ծրագրերն իրականացվելու են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ եւ արդյունքները պարբերաբար զեկուցվելու են վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաեւ բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագրեր: Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր եւ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ:
Կարեն Կարապետյանը կարեւորել է նման սեմինարների անցկացումը եւ նշել. «Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել եւ դա վերաբերում է յուրաքանչյուրիս»: Կարեն Կարապետյանն առանձնացրել է Ենոքավան համայնքը եւ նշել, որ անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել նման օրինակելի համայնքները, որտեղ կազմակերպվում են լեդ համակարգով լուսավորություն, ժամանակակից աղբահանություն, ճանապարհները վերանորոգվում են մաքսիմալ էֆեկտիվ, ապահովվում է զբաղվածություն, իրականացվում բարձրակարգ կառավարում, ցուցաբերվում տեղական բյուջեի ձեւավորման հստակ մոտեցում:
Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարեւորել է դրա անցկացումը եւ պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը:
Այնուհետեւ կառավարության ղեկավարին են ներկայացվել նորաստեղծ վերլուծական խմբի գործունեության արդյունքները, մասնավորապես, մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների եւ աղբահանության ծախսերի վերլուծության վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել նշված ուղղություններով առկա կառավարման եւ ֆինանսական խնդիրները: Նշվել է, որ դրանց վերացման արդյունքում ուսումնասիրված համայնքներում հնարավոր է ունենալ մի քանի հարյուր միլիոն դրամի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը եզրակացությունների հիման վրա ներկայացրել է նաեւ կոնկրետ առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը, գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, կարեւորել է նաեւ համայնքների թվայնացումը: «Պետք է տարբեր հայտանիշեր հաշվի առնելով՝ կարմիր լամպերով վառեք այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են: Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետեւ իմանալու ենք մեր թույլ կետերը եւ այն, թե ուր պետք է գնանք»,- ընդգծել է վարչապետը:



























