Ազգային ժողովի «Ելք» դաշինք խմբակցությունը քվեարկելու է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում հայտարարել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

««Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. քվեարկելու ենք «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին կողմ: Չնայած՝ երեկվա քվեարկությունը մեզ նույնպես մտահոգեց, չնայած իրենք պաշտպանում են Ազգային ժողովում 9 հանձնաժողով ունենալու փոխարեն 10-ն ունենալու մեր դիրքորոշումը, բայց  որոշ պատգամավորներ հանրապետականի առաջարկած տարբերակին կողմ քվեարկեցին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուների վերաբերյալ ունեն նախկինից ոչ շատ տարբերվող դիրքորոշում. «Այստեղ չենք եկել ինքնանպատակ դեմ եւ կողմ քվեարկելու համար եւ այս առումով մենք կողմ կքվեարկենք ՀՀԿ-ի առաջարկած թեկնածուներից մեկի օգտին՝ Գագիկ Մինասյանի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ խորհրդարանում հիմնական բանավեճերը կայանում են հանձնաժողովներում. «Ես առավել քան համոզված եմ, որ մեր բոլոր 9 հանձնաժողովները նախօրոք կհամագործակցեն խմբակցությունների հետ, որից հետո բոլոր հարցերը կքննարկեն հանձնաժողովներում եւ եփված օրենքները կընդունվեն Ազգային Ժողովում»:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն իրենց դիրքորոշումը չհայտնեցին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը երեկ միմյանց միջեւ բաժանել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ին համամասնությամբ:

ՀՀԿ-ից առաջադրվել է 6 թեկնածու՝ սռողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝  Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը: