Մայիսի 31-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շոտլանդիա, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման եւ Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միջազգային զարգացման եւ Եվրոպայի հարցերով նախարար, շոտլանդական սփյուռքի հարցերով պատասխանատու Ալասդեր Ալլանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, ՏՏ, բանկային ու ֆինանսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում համագործացկության, գործարար կապերի խթանման հեռանկարներին։
Դեսպան Սարգսյանը ներկայացրել է զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Հայաստանի ներուժը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից եւ ԵՄ հետ դինամիկ զարգացող հարաբերություններից բխող առավելությունները օտարերկրյա ներդրողների եւ գործարարների համար։ Պայմանավորված մեծածավալ հայկական ու շոտլանդական սփյուռքի առկայությամբ` հանդիպման ընթացքում հեռանկարային են համարվել ոլորտը համակարգող համապատասխան պետական կառույցների միջեւ փորձի փոխանակումն ու կապերի խորացումը։
Խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հայտնել է հայկական կողմի հանձնառությունը զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, նշվել է հայ-բրիտանական խորհրդարանական երկխոսության շրջանակներում Հայաստանի ու Շոտլանդիայի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ այցելությունների եւ խորհրդակցությունների, այլ համատեղ նախաձեռնությունների միոջոցով։ Արմեն Սարգսյանը ներկայացրել է անկախության շրջանում Հայաստանի զարգացման հիմնական փուլերը, ԼՂ հիմնախնդրի առանձնահատկությունները, խորհրդարանական կառավարման ձեւին Հայաստանի անցման նշանակությունը։
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում Էդինբուրգի նորընտիր քաղաքապետ (The Lord Provost) Ֆրանկ Ռոսսի հետ, որի ընացքում քննարկվել են Երեւանի եւ Էդինբուրգի միջեւ զբոսաշրջության, մշակույթի, տեղական կառավարման ոլորտի միջազգային համապատասխան հարթակներում հարաբերությունների զարգացման, այդ թվում` գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։






























