Հայաստանում ծխելու դեմ պայքարի հարցում կարելի է արտոնությունների մեխանիզմ սահմանել։ Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ երկրում երբեք արտոնություններ տալու եւ խնդիրները արտոնությունների հաշվին լուծելու փորձեր չեն ձեռնարկվում։ «Մենք ասում ենք՝ եթե սրճարանը թույլ է տալիս ծխել, ապա այն պետք է օրինակ, 300 հազար դրամ պետական տուրք վճարի։ Թող այդ սրճարան հաճախեն միայն ծխող մարդիկ։ Բնականաբար, եթե սրճարանը պետք է 300 հազար դրամ տուրք վճարի, միեւնույն սուրճը այն չի կարողանա վաճառել 500 դրամով, այլ առնվազն՝ 1000 դրամով։ Այդ սրճարանի մերձակայքում մեկ այլ սրճարան կբացվի, որտեղ ծխելն արգելված կլինի։ Հարց է ծագում՝ ինչու՞ մենք այդ քայլին չենք դիմում»,-նշեց Պիպոյանը։ Ըստ նրա՝ կարեւոր է նաեւ հարցը, թե արդյոք երաշխիք կա, որ ծխախոտին ցանկացած փոխարինող եւս կարգելվի հասարակական վայրերում։ «Եթե ոչ, ես կարող եմ մտածել, որ այդ մարդկանց նպատակն առջողպահական բարեփոխումը չէ։ Եթե նպատակը բարեփոխումն է, նրանք պետք է այնպես անեն, որ մարդիկ հետեւեն նրանց յուրաքանչյուր բառին։ Խաբելով ոչ մի լավ բան չի կարելի անել»,-ամփոփեց Բաբկեն Պիպոյանը։

ՀՀ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մայիսի 31-ին՝ Առանց ծխախոտի միջազգային օրը, հայտարարեց, որ Հայաստանում հասարակական վայրերում կարգելվի ծխելը։