ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 2-ին, ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ Լեհմանի այցը Հայաստան նոր սկիզբ կդառնա հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության զարգացման եւ այդպիսով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար:
Նշելով, որ այս տարի Հայաստանը եւ Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած այդ տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները միայն վերընթաց զարգացում են ունեցել՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորվել են կայուն միջխորհրդարանական հարաբերություններ, հաջողությամբ զարգանում են առեւտրատնտեսական կապերը, համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում եւ ապակենտրոնացված մակարդակում: Այդ ամենը, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ հիմք է խթանելու Հայաստանում գերմաներենի առավել խորացված ուսուցումը, ինչն էլ իր հերթին կնպաստի փոխշահավետ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են 2009 թվականից Հայաստանում գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնին զուգահեռ գերմաներենի տարածմանը նպաստող այլ հնարավորությունների, այդ թվում՝ Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնման հարցը: Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նման լուծման հանգելու դեպքում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու այդ նախաձեռնության իրականացմանը:
Կլաուս-Դիթեր Լեհմանը վստահեցրել է, որ Գյոթեի ինստիտուտը լավագույն ջանքը կներդնի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար:






























