Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում հունիսի  1-ին, հանդիսավոր պայմաններում բացվել է «Շրջագայություն» թեմայով կերպարվեստի 45-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որն ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի ամենախոշոր եւ հին մանկական ցուցահանդեսներից մեկն է:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի միջազգային ձեռնարկին մասնակցում է 83 պետություն եւ 1834 կազմակերպություն, ցուցադրության է դրվել 25690 աշխատանք: Ժյուրին 76 պետությունների 531 աշխատանքների շնորհել է մրցանակներ, որից 94-ը` մեդալներ: 

Հայաստանի երեխաների պատվոգրերը, ինչպես եւ նախորդ տարիներին, կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացավ Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի 8-ամյա սան Նարե Թովմասյանը. դպրոցի մի այլ սան` 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը, արժանացավ պատվոգրի:

Պատվոգրեր տրվեցին նաեւ Կափանի գեղարվեստի մանկական դպրոցից 15-ամյա Հասմիկ Կարապետյանին, Ներքին Գետաշենի թիվ 2 դպրոցի 8-ամյա աշակերտ Մաքսիմ Բաղդասարյանին եւ Երեւանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցի 10-ամյա սան Լիլյա Մարգարյանին: Մեդալն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան եւ հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին: Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 2017թ. նոյեմբերի 30-ը: