«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը վարչապետի՝ դպրոցները օպտիմալացնելու ծրագիրը շատ վտանգավոր է համարում: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ այն հղի է մի շարք հետեւանքներով, սակայն այլընտրանք չի մնացել: 

«Ակնհայտ է, որ սա մի օր կանգնեցնելու էր ֆինանսական խնդրի  առջեւ: Ամբողջ խնդիրն այն է, որ դպրոցներում  կտրուկ պակասել է աշակերտների  թիվը, սակայն չի պակասել ուսուցիչների թիվը, հիմա դրա անունը կդնենք օպտիմալացում, թե ոչ, պետք է դա կանոնակարգել, էդ հարաբերությունը այնպես կազմակերպել, որ ֆինանսական փոշիացման դաշտում չգտնվենք»,-ասաց պատգամավորը:

Տնտեսագետի խոսքով՝ պատճառները թողած՝ հետեւանքների լուծումներն են փորձում փնտրել:

«Բոլոր դեպքերում, մինչեւ էս պահը հասցնելը անընդհատ բարձրաձայնել ենք արատագաղթի, աշխատանքի բացակայության, սոցիալական խնդիրների մասին, բոլորը գիտեն դրանք: Մենք ունենք  չլուծվածություն, որը բերել է այսպիսի տխուր հետեւանքների: Սա շատ վատ բան է, հղի է հետեւանքներով, մանկավարժները դժվար աշխատանք տանելով հանդերձ ցածր վարձատրություն են ստանում եւ կանգնում են աշխատանքը կորցնելու խնդրի առջեւ, դա դժվարությունների մի ամբողջ շարան է, ընդ որում ոչ թե երկաթգծի ու ատոմակայանի կառուցման դժվարին հարց է, այլ էլեմենտար խնդիրների, մարդու ապրելու հարցը»,-ասաց Բոստանջյանը:

Պատգամավորի խոսքով՝ դպրոցների օպտիմալացման արդյունքում դատարկված շենքճ-շինություններն էլ իրենց հերթին են ծնում կոռուպցիոն ռիսկեր. թե ինչ նպատակով են ծառայեցվելու այդ շենքերը, ում են բաժին հասնելու, դեռ հայտնի չէ: 

«Իբր մի խնդիր ենք լուծում, դա էլ իր հետեւից բերում է ածանցյալ ուրիշ խնդիրներ, որոնք պարունակում են ռիսկեր: Կա նաեւ գյուղից  գյուղ գնալու խնդիրը: Սա  չափազանց սարսափելի համալիր խնդիր է, թեկուզ փոքր կիլոմետրաժի պարագայում ճանապարհի խնդիր կա: Հիմա ցածր դասարանի երեխան ցրտին մի քանի կիլոմետր ոնց պիտի կտրի անցնի մյուս դպրոց: Ոչ թե լուծում, բայց այլընտրանք չկա: Էնքան շատ են խնդիրները, բայց դրանով հանդերձ եթե դպրոցում երկու աշակերտ է մնացել, չենք կարող 200-300 հոգանոց դպրոցը պահել»: