Կանայք սովորաբար ընկալվում են երեխաներին խնամելու եւ կենցաղային աշխատանքների հետ` անկախ նրանից` աշխատում են տնից դուրս, թե ոչ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցում:

Ըստ զեկույցի՝ տղամարդիկ սովորաբար ընկալվում են որպես իրենց ընտանիքի տնտեսական բարեկեցության ու գոյատեւման համար պատասխանատու` որպես հիմնական կերակրողը եւ ընտանիքի գլխավորը. «Սա ուղղակիորեն կապված է կարծրատիպային գենդերային դերերի հետ եւ անմիջական ազդեցություն ունի ռեսուրսների ու տնտեսական հնարավորությունների հասանելիության եւ չվարձատրվող, տնային գործերում եւ վերարտադրողական գործառույթի կատարման հարցերում կանանց հսկայական ծանրաբեռնվածության վրա: Սա կարող է հանգեցնել ժամանակի բացակայության, կանանց` եկամտաբեր գործունեության մեջ ներգրավվելու կարողությունների սահմանափակման, կանանց ինքնավստահության նվազեցման այնպիսի ոլորտներում, որոնք կարծրատիպորեն նրանց չեն վերագրվում, եւ կանանց տնտեսական կախվածության»:

Զեկույցի հեղինակները նշում են, որ յուրաքանչյուր աղջիկ երեխայի հաշվով 1.13 տղա նորածնի սեռային հարաբերակցությամբ եւ 100 կենդանի ծննդին 27.5 հղիության արհեստական ընդհատմամբ ու մեռելածնությամբ հանդերձ` Հայաստանում դեռեւս տարածված է հղիության` սեռով պայմանավորված ընդհատումը. «Սա ապացույց է տղաներին աղջիկներից գերադասելու եւ հասարակության մեջ կանանց ավելի ցածր կարգավիճակի մասին:

Պատրիլոկալ ամուսնությունները, երբ աղջիկները տեղափոխվում են ապրելու իրենց ամուսինների ընտանիքների հետ, կարող է լինել այն պատճառներից մեկը, որով բացատրվում է որդիների համեմատությամբ դուստրերին պակաս նախապատվություն տալը»:

Զեկույցում նշվում է, որ հասարակության մեջ կանանց կարգավիճակի մեկ այլ ցուցիչ է իրենց վաստակի նկատմամբ վերահսկողությունը: Քաղաքաբնակ կանայք, ի տարբերություն գյուղաբնակ կանանց (կանանց համապատասխանաբար 34 եւ 11 տոկոսը), երեք անգամ ավելի մեծ հավանականությամբ որոշում կկայացնեն իրենց վաստակած գումարի առնչությամբ:

«Ինչ վերաբերում է կանանց ձայնին, ապա 2012 թվականին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները ցույց են տալիս կանանց համար քաղաքական իշխանության հասանելիության ցածր մակարդակ. 638 գյուղական համայնքներում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 1,237 թեկնածուներից ընդամենը 43-ն էր կին (կամ 3.5 տոկոսը), եւ նույնիսկ ավելի քիչ տոկոսն է (2 տոկոսից քիչ) ընտրվել այդ պաշտոնում: Համայնքների ավագանիներում կանայք կազմում են ընտրվածների 8.6 տոկոսը (Հայաստանի Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում. այլընտրանքային զեկույց, 2009-2012 թթ., էջ 17, ներկայացվել է ԿՆԽՎԿ կոմիտեին (CEDAWC) 2014 թվականին):

Տղամարդկանց նույնականացումը եւ նույնիսկ գրանցումը որպես «տնային տնտեսությունների գլխավորներ» եւ ընտանիքների ներկայացուցիչներ (օրինակ` հողի գրանցման դեպքում) նույնպես նպաստում են գյուղական բնակավայրերում կանանց ու տղամարդկանց անհավասար ու հիերարխիական կարգավիճակի պահպանմանը»,-ասված է ՄԱԿ-ի զեկույցում: