Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին եւ ընկերության զարգացման ծրագրերին:
Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաեւ «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում: Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2015 թվականից գործունեությունը սկսած «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ եւ Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաեւ ընթացքի մեջ են Բերդ եւ Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները: Ընկերությունում այժմ աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Սերժ Սարգսյանը Արծվաբերդ համայնքում եւ Բերդ քաղաքում նաեւ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գեւորգ եկեղեցի:


































