NEWS.am-ը «Արմպրոդեքսպո-2010» ցուցահանդեսին ներկայացած կաթնամթերք արտադրող ընկերություններից փորձեց պարզել, թե ինչպես է կաթի գնի բարձրացումը ազդել իրենց ընկերության գործունեության վրա։
«Մուլտի-Ագրո» ընկերության կաթնամթերքի արտադրության գործարանի գործադիր տնօրեն Հայկուհի Լամբարյանն ասաց, որ նախկինում (խորհրդային շրջանում) Հայաստանում մթերվող ողջ կաթը ուղղվում էր պանրի արտադրությանը, իսկ հիմա կիսվում է կաթնամթերքի մյուս տեսակների միջեւ։ Ըստ Լամբարյանի՝ կաթի փոշու միջոցով պանիր հնարավոր չէ ստանալ, թեեւ հնարավոր է բարձրորակ այլ կաթնամթերքի արտադրությունը։ 1 կգ պանիր ստանալու համար անհրաժեշտ է 8 կգ թարմ կաթ, որի հետեւանքով էլ պանրի գինն առավել զգայուն է կաթի գնի նկատմամբ։ Բացի այդ՝ կաթնամթերք արտադրող փոքր ձեռնարկություններն ամռանը, երբ կաթը էժան է, այն փոշիացնում են եւ օգտագործում ձմռանը։ Հ. Լամբարյանի կածիքով՝ պետք է արգելել պանրի արտահանումը Հայաստանից, ինչպես նաեւ վերացնել ներմուծվող կաթի փոշու եւ կարագի նկատմամբ գործող մաքսերը։
«Մարիաննա» ընկերությունից ասացին, որ դադարեցրել են պանրի արտադրությունը, սակայն մյուս բոլոր մթերքներն արտադրվում եւ առաքվում են խանութներ առանց գնի թանկացման։ Նշենք, որ որոշ խանութներում վաճառողուհիները գնորդներին զգուշացնում են, որ դեկտեմբերի 1-ից «Մարիաննան» այլեւս յոգուրտներ չի առաքի՝ կաթի պակասի պատճառով։ Սակայն «Մարիաննայից» կտրականապես հերքում են այս լուրերը, թեեւ ընդունում են, որ կաթի պակաս, իսկապես, կա։
«Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչը նույնպես նշեց, որ կաթնամթերքի գնի բարձրացում չեն կատարի, սակայն ստիպված են աշխատել գրեթե զրոյական շահույթով։ Կաթի պակաս չեն զգում, քանի որ հանդես գալով որպես խոշոր եւ կայուն գնորդ՝ խոշոր անասնապահական ֆերմաներից առաջնահերթ կարողանում են կաթ ստանալ:
Կաթի դեֆիցիտն առավել սուր են զգում «Բիոկաթ պլյուս» ընկերությունում, որը զբաղված է հիմնականում պանրի արտադրությամբ։ «Օր է լինում՝ ընդհանրապես չենք կարողանում կաթ մթերել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Սամվել Ավագյան





























