Հայաստանն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին չմասնակցելու կամ դրանից հրաժարվելու հիմքեր չունի։ Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ մեկնաբանելով որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի նման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին։
Նրա խոսքով, այսպիսի դեպքերում գործում է «բացական միշտ մեղավոր է» սկզբունքը։ «Եթե դու չես գնում այդքան կարեւոր ժողովի, քեզ համար ամենաանցանկալի որոշման ընդունման դեպքում զրկվում ես քո վետոյի իրավունքից։ Մինչդեռ արժե գնալ եւ օգտագործել վետոյի իրավունքը, քանի որ մեղքը միշտ բարդվում է այն կողմի վրա, որը ներկա չէ եւ ի վիճակի չէ պատասխանելու։ Ուստի, որքան էլ այս գագաթաժողովը հերթական կամ բյուրոկրատական լինի, Հայաստանին երկայությունը պարտադիր է», տեսակետ հայտնեց քաղաքագետը։
Անդրադառնալով Աստանայում կայանալիք գագաթաժողովի հնարավոր արդյունքներին՝ Զոլյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ինչ-որ բան այնտեղ, իհարկե, կընդունվի, սակայն սկզբունքային որեւէ փաստաթուղթ՝ դժվար թե։ «Այսպիսի ժողովների ժամանակ միշտ մոտավորապես միեւնույն տեսակի հայտարարություններ եւ տեքստեր են ընդունվում, առա այն,որ ԵԱՀԿ սատարում է համանախագահների՝ հակամարտության լուծմանն ուղղված ջանքներին։ Հղումներ են արվում մինչ այժմ ընդունված հռչակագրերին եւ այլն: Այսքանը, ոչ ավելին, իհարկե՝ չհաշված նաեւ անդրկուլիսյան խոսակցությունները»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։
Նա նաեւ նկատեց, որ գագաթաժողովի՝ Ղազախստանում կայանալու փաստը հնարավորություններ է ընձեռում այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին ավելի մեծ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ «Այդուհանդերձ Ռուսաստանը երբեք իր տեղը չի զիջի Ղազախստանին։ Սակայն նաեւ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Ռուսաստանն այս հարցում իր վրա մենաշնորհ է վերցրել»,- ամփոփեց Սուրեն Զոլյանը։





























