Բրիտանական գահի ժառանգորդներից ոչ մեկը չի ցանկանում միապետ դառնալ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռ արքայազն Հարրին` ամերիկյան Newsweek-հետ հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Թագավորական ընտանիքում կա՞ մեկը, որ ցանկանում է թագավոր կամ թագուհի լինել: Չեմ կարծում»,- ասել է արքայազն Հարրին` հավելելով, որ անկախ ցանկությունից, երբ ժամանակը գա, բրիտանական թագավորական ընտանիքի բոլոր անդամները պատրաստ են իրենց պարտականությունները կատարել:
Հարրին նաեւ նշել է, որ ինքն ու իր եղբայր Ուիլյամը փորձում են բրիտանական միապետությունն արդիականացնել հանուն «մարդկանց օգուտի»:
Նրա խոսքով` ինքը սովորական մարդու կյանքով է ապրում եւ դա անում է մեծապես այն բանի շնորհիվ, որ իրեն դաստիարակել է արքայադուստր Դիանան. «Իմ մայրիկը շատ բան է արել, որ ինձ ցույց տա սովորական մարդկանց կյանքը, նա մեզ իր հետ է տարել, որ ցույց տա անօթեւանների կյանքը: Փառք Աստծո, ես ամենեւին էլ իրականությունից կտրված չեմ: Մարդիկ կզարմանային` իմանալով, թե մենք` ես եւ Ուիլյամը ինչպիսի սովորական կյանքով ենք ապրում: Ես ինքնս եմ խանութներ գնում: Ես ցանկանում եմ նորմալ կյանքով ապրել: Եվ եթե երեխաներ ունենալու բախտ ունենամ, նրանք նույնպես կկարողանան այդպես ապրել: Նույնիսկ եթե թագավոր դառնամ, ես գնումներ կկատարեմ»:





























