Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ընդհատել են «օրենքով գողերի» հանդիպումը, որը տեղի էր ունենում Ռուբլյովկա մայրուղու ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում է Prime Crime գործակալությունը։
Ձերբակալվածների թվում է քրեական հեղինակություն Կախաբեր Պարպալիան (Կախա Գալսկի), որը գողական միջավայրում հայտնի դեմքերից մեկն է։ Նրա հետ ձերբակալվել են Էլգուջա Թուրքաձեն (Գուջա Քութայիսկի) եւ Նովոսիբիրսկի հանցագործ հանրության առաջնորդները՝ Ռուսլան Սլյուսարն ու Պավել Բրուսենցեւը (Պաշա Բեշենի (մոլագար-խմբ))։ Հանդիպմանը քննարկվել է Նովոսիբիրսկի մարզին «նայող» նշանակելու հարցը։
Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Հաղորդագրությունում ասվում է, որ Ռուբլյովկայում իրավապահների գործողությունները նպատակ ունեին հանցավոր հանրության ստեղծումն ապացուցել անձանցով, որոնք հանցագործ հիերարխիայում բարձր դիրք են զբաղեցնում։





























