«Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված «Մանախը»՝ Արթուր Այվազյանը, օրերս Վերաքննիչի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Մանախին»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երեւան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են քարոզարշավի դրոշները:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Այվազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ավելին պնդում է, որ տուժողն ինքն է: