Կարծես թե նախորդ տարվա ապրիլից հետո դեռ տագնապի մեջ ենք, քանի որ դեռ չի ապահովվում ժողովուրդների և տարածքների անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական ու դիվանագիտական տարածությունը միշտ նոր տեխնոլոգիաների կարիք ունի։ «Մենք հասկանում ենք, որ չկա ադրբեջանական կողմի համաձայնությունը շփման գծում այնպիսի տեխնիկա ու մեխանիզմներ տեղադրելու համար, որոնք թույլ կտային արձանագրել ու որոշել, թե ով է առաջինը խախտում հրադադարի ռեժիմը»,-հստակեցրեց Ալավերդյանը՝ հավելելով, որ նման մեխանիզմների ներդրումը չի կարողանա շփման գծում կանխել խախտումները, այլ միայն մեղավորներին կարձանագրի։

Իրավապաշտպանը, որպես այլընտրանքային եւ կանխարգելիչ միջոց, ներկայացրեց գեներալ Հայկ Քոթանջյանի մոտեցումը, որով առաջարկվում է տիեզերական խորազննման միջոցով հստակեցնել ոչ թե այն պահերը, երբ զինադադարը խախտվում է, այլ երբ տեխնկայի շարժ է գրանցվում, նոր զինատեսակներ են ձեռք բերվում, որոնք միշտ էլ զննվում են:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա որևէ գումար, որևէ նոր միջոց չպահանջող առաջարկ է. «Համակարգի տվյալները առաջարկվում է փոխանցվեն Մինսկի խմբի եռանխագահներին և նրանք, ունենալով այդպիսի տեղեկատվություն նախազգուշական համակարգ, կանխարգելիչ հայտարարություններով հանդես կգան»։