Ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելցի երգչուհի Դանիելա Փիքի հետ:

Daily Mail-ի եւ իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով` եթե ծրագրերը չխափանվեն, ապա սա կլինի 54-ամյա ամերիկացու առաջին ամուսնությունը: Իսրայելական հանդեսներից մեկը մեջբերել է 33-ամյա Փիքին, որը հայտարարել է. «Դա ճիշտ է: Մենք շատ երջանիկ ենք»:

Տարանտինոն առաջարկը կատարել է հունիսի 30-ի երեկոյան Լոս Անջելեսում` սիրեցյալին նվիրելով առկայծող ամուսնության մատանին:

Զույգը ծանոթացել է 2009 թվականին Իսրայելում: Սակայն կարճ ժամանակ անց բաժանվել է: Նրանք միացել են 2016 թվականին: