Սահմանադրությունը, որպես հանրային պայմանագիր, մեզանում չի կայացել. խնդիրը ոչ թե Սահմանադրության տեքստի, այլ իշխանության եւ ժողովրդի կողմից նրա ընկալման մեջ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է սահմանադրագետ Արմեն Մազմանյանը։
Նրա խոսքով, մեր հասարակությունն առ այսօր չի սովորել եւ պատրաստ չէ իր իսկ շահերից բխող հանրային պայմանագրով առաջնորդվել։
Բանախոսը կարծիք հայտնեց, որ Սահմանադրության կայացումը կապված է քաղաքացու՝ պետության հանդեպ սեփականության իրավունքի հետ։ «Երբ մենք մեզ տեր ենք զգում պետության մեջ, պատասխանատու ենք դառնում նրա զարգացման համար։ Մենք քաղաքական ինստիտուտների կայացման խնդիր ունենք»,– ասաց Մազմանյանը՝ հավելելով, որ Սահմանադրություն բառը նշանակում է սահման դնել իշխանության ծավալի վրա, ըստ որի այն բացարձակ լինել չի կարող, իսկ միտինգներն ու ազատ խոսքը չեն կարող սահմանափակվել։
Ըստ բանախոսի, մեզանում տնտեսական, իրավական, սոցիալական խնդիրները նույնպես պայմանավորված են քաղաքական ինստիտուտի մակարդակով։ «Սահմանադրությունը ասում է՝ ունենք անկախ դատարան, բայց իրականում չունենք։ Նոր տեխնոլոգիաները մեզ համար լուրջ խնդիր են, դրա ներդրողը, օրինակ, Facebook–ի տերը, մետրոյով զբոսնող մարդ է, միաժամանակ՝ միլիարդատեր, նա կգա՞ ներդրումներ անի՝ իմանալով, որ այստեղ ներդրման երաշխիքներ տալիս են քաղաքական մակարդակով։ Նրանք չեն էլ ուզենա մեր վերնախավի հետ բանակցեն երաշխիքների շուրջ, նրանք միլիոններ կծախսեն, կվարձեն իրավաբան, որ կգնա դատարանում իրենց իրավունքները ներկայացնի, քան կուզենան մեր վերնախավի մարդկանց հետ բանակցեն։ Էլ ի՞նչ տնտեսական զարգացում, երբ չունենք իշխանությունների բաժանում, անկախ դատարան»,– ասաց Մազմանյանը։
Նա նաեւ նշեց, որ նոր Սահմանադրությունը, որով մենք անցնելու ենք կառավարման խորհրդարանական համակարգի, գործելու դեպքում կարող է լուրջ զարգացում ապահովել։ «Վերնախավը իրավունքները չարաշահում է, բայց դա հանրության մեղքն է, մենք ենք կաշառք վերցնում, չենք պայքարում, մենք ենք մեղավոր, որ Սահմանադրությունը չի կայացել, դրա համար երկար ճանապարհ պիտի անցնենք»։





























