Թուրքիայի կրթության աշխատակիցների արհմիությունը մտադիր է դատարանում բողոքարկել դպրոցական ծրագրերից Չառլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը հանելու մասին որոշումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արհմիության ղեկավար Մեհմետ Բալիկը։
«Թուրքական դպրոցի համար նորարարություններով նախատեսվում է ոչ միայն Դարվինի էվոլյուցիայի տեսությունը հանել, այլեւ կենսաբանության դասաժամերը կրճատել՝ շաբաթական երեքից երկու ժամ դարձնել։ Դրա հաշվին կրոնի դասաժամերը մեկ ժամի փոխարեն երկու ժամ կանցկացվեն։ Աշխարհի, մարդու զարգացման, էվոլյուցիայի մասին պատմող դասերի կրճատումը մենք սխալ ու վնասակար քայլ ենք համարում։ Մենք այդ որոշումը կբողոքարկենք դատարանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով տեխնոլոգիաների զարգացման դարում անհնար է առանց բնական գիտությունների ուսումնասիրության։
«Երկրի ղեկավարությունը փորձում է աշխարհիկ Թուրքական հանրապետությունը ձեւափոխել իր ուզած ձեւով։ Իսկ մենք հսկայական նշանակություն ենք տալիս աշխարհիկ կրթությանը, գիտական մոտեցումներին։ Մինչդեռ նոր դպրոցներում առաջարկում են տղաների ու աղջիկների համար առանձին աղոթարաններ կառուցել։ Մենք համարում ենք, որ դպրոցները պետք է բազմակողմանի կրթություն տան՝ գիտության ու բնագիտության շրջանակում, այլ ոչ թե կրոնը շեշտադրեն»,- հավելել է Բալիկը։
Ավելի վաղ Թուրքիայի կրթության նախարարությունը հրապարակել էր ազգային ուսումնական ծրագրի նախագիծը, որում չկա էվոլյուցիայի տեսության ուսումնասիրություն, ինչը երկրում բանավեճ էր առաջացրել։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել էր, որ Դարվինի տեսությունը հնացել է, դրա համար էլ դրա ուսումնասիրությունը դպրոցներում պարտադիր չէ։




























