Հայաստանը ծույլ դիվանագիտություն է վարում ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Փորձագետի կարծիքով՝ առնվազն երկու ուղղությամբ հայկական կողմը բողոքների տեսքով պետք է պարբերաբար ակտիվություն դրսեւորի։

 «Առաջինը, խաղաղ բնակչության ցանկացած գնդակոծությունն է։ Երկրորդը, երբ Ադրբեջանը սեփական ազգաբնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան»,-հստակեցրեց նա։

Պապյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը, 350 դիվանագիտական ավիաչվերթներով (այս մասին հաղորդել է բուլղարական մամուլը- խմբ) տարբեր ահաբեկչական կազմակերպությունների զենք է մատակարարել, սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչ օրս դրանից չի օգտվել։ 

«Իսկ այժմ տեսնենք՝ արդյո՞ք կկարողանանք օգտագործել այդ փաստը։ Արդեն մի քանի օր է, այդ լուրերը պտտվում են, սակայն ոչ մի արձագանք չկա։ Դրա պատճառը մեր անգործությունն է»,- ասաց Արա Պապյանը։