Մինչեւ անցյալ տարվա ապրիլին լարվածության սրումը ադրբեջանական կողմը կարծում էր, թե կարող է ահաբեկել Հայաստանին, իսկ հայերը վախենում են հակառակորդից։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների հայկական կառույցի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Փորձագետը ցավով արձանագրել է, որ երկու կողմից էլ շփման գծում զոհվում են նաեւ խաղաղ բնակիչներ։

«Խաղաղ բնակչությանը հրթիռակոծելը բարբարոսություն է։ Այո, ես դա պետք է նշեմ։ Բայց մի բան պետք է հասկանալ։ Հայկական կողմն ընդամենը պատասխան հարված է հասցրել։ Նա պաշտպանվել է։ Տեսագրություններ կան, որտեղ պարզ երեւում է, թե ով է առաջինը սկսել ագրեսիան»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ նա ինքը եւս ծագումով սահմանամերձ բնակավայրից է եւ գիտի, թե որքան սարսափելի է, երբ գնդակոծում են խաղաղ բնակչությանը։ Սակայն նրա  խոսքով՝ այս պարագայում հայկական կողմն այլընտրանք չուներ։

Փորձագետը նաեւ հիշեցրեց, որ ադրբեջանական բանակը ռազմական տեխնիկան տեղադրել է բնակավայրերում, որտեղից էլ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Իսկ նման դեպքերում հայկական կողմը կամա թե ակամա պատասխան կրակ կբացի, ինչի հետեւանքով կարող են զոհեր լինել նաեւ խաղաղ բնակչության շրջանում։