Ֆինանսների նախարարությունը ցանկանում է աշնանը հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոններ կազմել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆնանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Փոփոխությունները կարտացոլեն տնտեսական աճին աջակցելու անհրաժեշտությունը, եւ դրա հետ մեկտեղ պետական պարտքն անվերահսկելիորեն չի մեծացվի:
Կամրագրվի, որ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը չպետք է ֆինանսավորվեն արտաքին վարկերի հաշվին: Իսկ կապիտալ շինարարությանը մեծ ուշադրություն կհատկացվի` որպես զբաղվածությունն եւ արտադրողականության աճի համար հիմքեր ստեղծող (ոռոգման ջրանցքեր, էլեկտրացանցեր եւ այլն):
«Մենք արդեն այդպես էլ վարվում ենք, այսինքն` գործով ոչ մի բան չի փոխվի: Պարզապես պրակտիկան կանոնով կշարադրվի, ոչինչ ավելին»,- պարզաբանեց Ջանջուղազյանը
Հնարավոր է, որ հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոններն ընդունվեն կառավարության որոշման տեսքով, հնարավոր է` նաեւ համապատասխան օրենքներում («Պետական պարտքի մասին», «Բյուջետային համակարգի մասին») փոփոխությունների օրինագծեր կազմվեն:




























