Հարձակողական այն սպառազինությունը, որը Ռուսաստանը Ադրբեջան է մատակարարում, ոչ մի ուրիշ երկր նրան տրամադրել չի կարող: Այս մասին հուլիսի 8-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով` սա կապված է այն հանգամանքի հետ, որ ի տարբերություն Ռուսաստանի, ոչ մի այլ երկիր կա´մ նման սպառազինություն չունի, կա´մ չի ցանկանա այն տրամադրել:

«Խոսքը տանկերի եւ հատկապես դրանց քանակի մասին է: Խոսքը նաեւ հեռահար կայանքների մասին է, ինչպիսին են «Սմերչը» եւ այլն:  Այսպիսով, Ռուսաստանն իր գործողություններով խախտում է Հայաստաի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռությունը»,- պարզաբանեց փորձագետը:

Մեհրաբյանը նշեց, որ սա որակական լուրջ փոփոխություններ է մտցնում, քանի որ այլ երկրներից մատակարարվող զենքը կարելի է միայն պայմանականորեն հարձակողական համարել: Դրանից բացի, փորձագետի կարծիքով` այս սպառազինության քանակը չի կարող լրջորեն ազդել հակամարտության կողմերի միջեւ հավասարակշեռության վրա:

«Այն չափազանց քիչ է: Կարող է միայն կառավարման համակարգը դիվերսիֆիկացնել: Կամ` ինչ-որ չափով պոտենցիալի վրա ազդել: Սակայն չի կարող որակական փոփոխություններ առաջացնել»,- ընդգծեց քաղաքագետը: