Ինչու պիտի վստահեինք «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հաշվարկին եւ չմասնակցեինք 2016 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

Պատգամավորը համաձայն չէ այն մեկնաբանությունների հետ, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ համագործակցում է իշխանության հետ, քան ընդդիմության: Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառ իրականցնելու նախագծին, իսկ «Ելքը՝» դեմ: Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը չմասնակցել 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծին: Ըստ Նիկոլ Փաշինյանի հաշվարկի՝ եթե Ծառուկյան դաշինքը չմասնակցեր, ապա ՀՀԿ-ն չէր կարողանա քվորում ապահովել եւ օրինագիծը կտապալվեր: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կոչի՝ նրանք դեմ քվեարկեցին:

Վարդեւան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախապես էին որոշել դեմ քվեարկել եւ բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ են եղել:

«Ես չգիտեմ՝ էդ հաշվարկը ոնց էր արվել ու ինչով պիտի կարողանայինք վստահել էդ հաշվարկին, երկրորդը՝ խմբակցությունում քննարկում եղել էր ու որոշում կայացվել էր, որ մենք դեմ ենք քվեարկելու: Վերջին պահին ֆրակցիան փոխե՞ր որոշումը»,-մեկնաբանեց պատգամավորը:

Անդրադառնալով լուրերին, որ հնարավոր է 2018-ին կոալիցիա կազմեն իշխանության հետ, Վարդեւան Գրիգորյանը բացառեց. «ես դա հավանական չեմ համարում»։