Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Արամյանը անդրադարձել է ԵՆԲ-ի հետ ներկա համագործակցությանը եւ կարեւորել է, մասնավորապես, ԵՆԲ աջակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության ընդլայնման եւ խորացման վերաբերյալ: Նախարարը նաեւ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակը, զարգացման հիմնական միտումները եւ ՀՀ կառավարության կողմից տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
ԵՆԲ փոխնախագահը նույնպես կարեւորել է Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը: Վազիլ Հուդակը նշել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել համագործակցությանն ուղղված նոր ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում պետական-մասնավոր գործընկերության զարգացմանն աջակցության հնարավորությունները:




























