Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհեց նաեւ «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Ժյուրիի քվեարկության միաձայն արդյունքով հաղթող է ճանաչվել ANIX ստարտափը: Հաղթող թիմը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր:
Նշենք, որ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների եւ հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ եւ ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլոք։ Երեք մրցութային օրերի ընթացքում անցկացվեց 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացավ տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի մի շարք մասնակիցներ ստացան նաեւ խորհրդատվական ծառայության մատուցման եւ վերապատրաստումների հրավերներ:
Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է նաեւ «CampFire Talks» ձեւաչափը, որին մասնակցություն ունեցավ նաեւ Ամերիաբանկը, մասնավորապես` Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպե՞ս կարող են ընկերությունները կազմակերպել էլեկտրոնային առեւտուր:
Յոթօրյա տեւողությամբ Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել գործընկերական հարաբերություններ, հարստացնել գիտելիքները եւ վայելել հանգիստը Սեւանի ափին:




























