Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անմատչելի է մնում քաղաքային տրանսպորտը եւ բազմաթիվ շենքերի մուտքեր:
Դեկետմբերի 3-ին` հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտապանության համաշխարհային օրը, այս մասին ասաց «Ունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:
«Բազմաթիվ նորակառույց շենքեր, հենց քաղաքի կենտրոնում շահագործման են հանձնվում առանց հարմարությունների, անմատչելի մուտքերով»,-ասաց Արմեն Ալավերդյանը` հավելելով, սակայն, որ խոսքը ոչ բոլոր շենքերի մասին է:
Բացի դրանից, հաշմանդամների համար կարեւոր խնդիր է մնում զբաղվածությունը:
«Կան բավականին ձեռքբերումներ: Որոշ ընկերություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունում են աշխատանքի, սակայն գործի ընդունվածների թիվը մի քանի տասնյակ է կազմում, այնինչ ամբողջ պետությունում կա գրանցված 180 հազար հաշմանդամ»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա «Փրկություն» մտավոր թերի հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կրթական կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ պոտենցիալ աշխատողներ են.
«Շատ գործատուներ եւ զբաղվածության կենտրոններ չեն պատկերացնում, որ մտավոր խնդիր ունեցող մարդն այսօր պոտենցիալ աշխատուժ է: Պարզապես ցանկություն եւ համբերություն է պետք նրանց աշխատանքի ընդունելու համար եւ որոշակի ժամանակ տրամադրել նրանց կոնկրետ հասկացնելու, թե ի՞նչ աշխատանք պետք է անի, եւ մտավոր խնդիր ունեցող անհատը շատ պարտավորված այդ աշխատանքը կկատարի»:
«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ժամկոչյանի խոսքով, բացթողում կա հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներառական կրթության ոլորտում: Նա ասաց, որ ներառական կրթությունը պետք է ներդրվի նախադպրոցական տարիքից:
«Պետական օգնություն է պետք նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկապարտեզում ներառական կրթության եւ զարգացման պայմաններ ստեղծելու համար»,-ասաց նա:
Բոլոր բանախոսները նշեցին, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տարբեր պետական հաստատություններում ստեղծվում են ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներ եւ երբեմն լինում են նաեւ կոռուպցիայի դեպքեր:




























