Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները չեղարկելը շատ բարդ է լինելու, եթե նույնիսկ Մոսկվան սկսի կատարել Վաշինգտոնի պահանջները, հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ով ավարտել է իր առաքելությունը հուլիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տնտեսական պատժամիջոցները, որոնց մասին մենք այդքան շատ ենք խոսում վերջերս, այնպես են կառուցված, որ դրանք ամերիկյան պայմաններում չեղարկելը շատ բարդ է լինելու։ Նույնիսկ եթե որեւէ մեկը որոշի կատարել նրանց բոլոր պահանները։ Բայց այդ պահանջները հորինված են, ինչ-որ տեղ նույնիսկ անպատկառ։ Բայց ամբողջ մեխանիզմն այնպես է արված, որ ԱՄՆ օրենքը հնարավորություն չտա մեր երկրի հետ նորմալ տնտեսական հարաբերություններ զարգացնել»- ասել է Կիսլյակը։
Ընդ որում նա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ընթացիկ հարաբերությունները նույնքան բարդ չի համարում, որքան ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները «սառը պատերազմի» տարիներին։ «Ոչ, ոչ, սա դեռ սառը պատերազմ չէ»,- ասել է դիվանագետը։
Ճշգրտող հարցին այն մասին, թե երբ են երկու երկրների հարաբերությունները նմանվելու այդ ժամանակաշրջանին՝ նա կատակով է պատասխանել «Ես վստահ չեմ, որ ունեմ քանոն, որով կարող եմ չափել, թե որքան ենք մենք հեռու դրանից»,- ասել է Կիսլյակը։



























