Նյու Յորքում Trump SoHo հինգ աստղանի հյուրանոցի շինության վրա հայտնվել է Պուտինի պատկերը՝ ռուսական դրոշով։ Հյուրանոցը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնած Trump Organization ընկերությանը։
Ակցիան կազմակերպվել է օգոստոսի 8-ին, վաղ առավոտյան, հաղորդում է Business Insider-ը։ Հյուրանոցի առջեւ հայտնվել են ռազմական համազգեստով դերասանները։ Նրանցից մեկի ձեռքին ռուսական դրոշն էր։
Շինության վրա այդ ժամանակ միմյանց էին հաջորդում ռուսական դրոշի պատկերները՝ իբր Պուտինի կոչերով. «Follow the money» (Հետեւեք փողերին), «Happy to help, bro» (Ուրախ եմ օգնել, եղբայր), «Laundering services available» (Հասանելի են փողերի լվացման միջոցներ)։
Ակցիայի պատասխանատվությունը ստանձնել է Bell Visuals ընկերության հիմնադիր, Վաշինգտոնից լրագրող Ռոբին Բելը։ «Բարեւ, Դոնալդ Թրամփ, ես SoHo Trump հյուրանոցին պատկերում եմ #followthemoney։ Հենց #nationaldollarday-ի օրը»,-Twitter-ի իր էջում գրել է նա։





























