Բուլղարիայի գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովը սեպտեմբերի 7-ին կարգադրել է Կալին Միտրեւի նկատմամբ հետաքննություն սկսել, որի անունը «Ադրբեջանական լվացքատան» սկանդալային հետաքննության մեջ է շոշափվել։

Ավելի ուշ Միտրեւի գործը քննարկվել է նաեւ Բուլղարիայի կառավարության նիստում։ Քննարկումների արդյունքում կառավարությունը մինչեւ այդ հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում հնչեցնելը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին պաշտոնական հարցում հղելու որոշում է կայացրել։ Միտեւը նշված բանկի խորհրդի անդամ է, հաղորդում է Sofia Globa-ն։

Ավելի վաղ Բուլղարիայի փոխվարչապետ Տոմիսլավ Դոնչեւը հայտարարել էր, որ Ադրբեջանի փողեր լվանալու գործը «շատ նուրբ է, քանի որ Բուլղարիայի հեղինակությանն է վերաբերում»։

Հիշեցնենք․ «Ադրբեջանի լվացքատան» հետաքննության համաձայն՝ բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը ադրբեջանական փողեր լվացած կեղծ բրիտանական ընկերություններից 2012-2014 թվականներին ընդհանուր առմամբ 425 հազար եվրո է ստացել։