Դանիայի կառավարությունը չի ցանկանում ՄԱԿ քվոտաների համակարգով այս տարի այլեւս փախստականներ ընդունել, հայտնում է AP-ը:

ՄԱԿ փախստականների հարցերով վարչությունը եվրոպական երկրների հետ համաձայնագիր էր մշակել, որի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ամեն տարի որոշակի թվով փախստականներ ընդունել: 1989-ից Դանիան տարեկան մոտ 500 փախստական է ընդունում:

«Սակայն հիմա Դանիան չի ուզում իր վրա պարտավորություններ վերցնել»,- ասել է ինտեգրացիայի նախարար Ինգեր Ստոյբերգը: «Ես չեմ կարծում, որ այս տարի մենք փախստականների քվոտայի համար տեղ ունենք»:

Նրա խոսքով՝ 2012 թվականից Դանիան մոտ 56 000 ապաստան խնդրողի է ընդունել, եւ նրանցից շատերը, ենթադրաբար, կփորձեն հարազատներին իրենց մոտ տեղափոխել: Նախարարը նշել է, որ Դանիայում գտնվողները պետք է ինտեգրվեն առաջին հերթին: