Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին բացարձակ ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում այդ հարցի շուրջ քննարկումներ կընթանան նաեւ Եվրախորհրդարանում։ «Իմ տեղեկություններով՝ Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շուրջ նոր զեկույց է նախապատրաստում, որտեղ նաեւ այդ փաստաթղթի մասին է խոսվում»,-նշեց Արմեն Աշոտյանը։
Խոսելով այն մասին, թե ինչու՞ ապագա համաձայնագրի տեքստը չի հրապարակվում, պատգամավորն ասաց․ «Ես խոսել եմ նաեւ մեր եվրոպացի գործընկերների հետ, նրանք եւս այդ փաստաթուղթը չեն տեսել, քանի որ դեռ որոշ տեխնիկական բնույթի խմբագրական աշխատանքներ են տարվում, որոնք փաստաթղթի բովանդակությունը չեն փոխում։ Անհրաժեշտ ժամանակին այն հասանելի կլինի»։
Ի պատասխան նկատողության, որ այդ հարցի շուրջ քննարկումների պակաս կա, Աշոտյանն ասաց․ «Քննարկումների պակաս լինել չի կարող, քանի որ այդ հարցը փետրվարից Հայաստանի քաղաքական օրակարգում է, երբ նախագահը Դոնալդ Տուսկի ներկայությամբ հայտարարեց, որ փաստաթղթի վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտված են։ Կարծում եմ, որ ոչ թե քննարկումների պակաս, այլ հակառակը դրանց ավելցուկ կա»։
Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա նոյեմբերին՝ Բրյուսելում, «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։



























