Ասյօր՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանին եւ տարածաշրջանին , այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին: Հայաստանն ակնկալում է իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրախորհրդարանում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը ողջունել է Արեւելյան գործընկերության ծրագիրը եւ դրա շրջանակներում ԵՄ անդամ պետությունների, ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` «Եվրանեսթի» ձեւավորման գաղափարը: Նշելով, որ ինքն առաջինն էր ողջունել այդ գաղափարը, Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը եւ տարածաշրջանի երկրների միջեւ նոր համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանի եւ ԼՂՀ է այցելել տեղում իրադրությանը ծանոթանալու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հայկական կողմի մտահոգություններին եւ ակնկալիքներին տեղեկանալու համար: Նա բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Եվրանեսթին», որը հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանի տեսակետները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Եվրախորհրդարանի պատգամավորի այցը Հայաստան եւ ԼՂՀ կնպաստի, որ նրա կողմից պատրաստվող զեկույցը լինի անաչառ եւ օբյեկտիվ: