Այսօր՝ դեկտեմբերի 21-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դառնում է 43 տարեկան: Երկրի նախագահ աշխատակազմից հայտնում են, որ հատուկ միջոցառումներ այդ կապակցությամբ չեն լինի:

Ավանդույթի համաձայն, Սահակաշվիլին իր ծննդյան օրն անցկացնում է ընտանիքի, հարազատների ու մտերիմների հետ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Սահակաշվիլին ծնվել է 1967 թվականին Թբիլիսիում, ավարտել է Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, այնուհետեւ մագիստրոսի կոչում ստացել ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում: 1995-96 թթ. սովորել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանի դոկտորանտուրայում:

Իր քաղաքական գործունեությունը Սահակաշվիլին սկսել է 1995-ին եւ մինչեւ 2003 թվականը եղել է արդարադատության նախարար, խորհրդարանի պատգամավոր, ինքնակառավարման Թբիլիսիի մարմնի նախագահը:

2004-ի հունվարի 4-ին նա ընտրվել է երկրի նախագահ՝ վարդերի հեղափոխության արդյունքում: 2008-ի հունվարի 5-ին նա վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Արժե նշել, որ այսօր Վրաստանում ստալինականների ու կոմունիստների մի մասը նշում է Ստալինի ծննդյան օրը: Նրանք մտադիր են հավաքվել Ստալինի ծննդավայր Գորիում եւ բողոքել Ստալինի արձանը ապամոնտաժելու դեմ: